Slider
ԻՆՉՊԵ՞Ս ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԵՐԱԿՐԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ. 4 ՏԻՊԻԿ ՍԽԱԼ

09. 10. 2019

 

Շատ հաճախ ընտանիքի գլխավոր խնդիրը դառնում է երեխային կերակրելու ցանկությունը: Իսկ երեխաները մեծամասամբ չեն ուզում ուտել… Ծնողներն ինչ ասես հորինում են, որպեսզի գդալը հայտնվի երեխայի բերանում: Եթե ձեր երեխան առողջ է, կենսուրախ, նորմալ քաշ է հավաքում, ապա այս ամենը ձեզ համար է: Ահա գլխավոր սխալները, որ թույլ են տալիս ծնողները` երեխային կերակրելիս:

Կերակրել` ցանկացած գնով: Մեկ տարեկանից մեծ երեխաների համար սնունդ ընդունելը հայտնվում է երկրորդ պլանում: Հիմա երեխային ավելի հետաքրքիր է ճանաչել աշխարհը, այլ ոչ թե հագեցնել քաղցը: Բացի այդ, երեխաներն արդեն հրաժարվում են ուտել այն ամենն, ինչ նրանց առաջարկվում է, սկսում են չուտել, եթե նրանց դուր չի գալիս ուտեստը: Այդ ժամանակ մայրիկները սկսում են տարբեր մեթոդներ կիրառել: Նրանք ուտելու ընթացքում միացնում են մուլտֆիլմեր, կարդում գրքեր, տալիս խաղալիք կամ տնով մեկ վազում երեխայի հետևից` մի-մի գդալ կերակրելով: Այո, այդպես մայրիկները հասնում են իրենց նպատակին` երեխան կերակրված է: Բայց միաժամանակ, նրանք երեխային արջի ծառայություն են մատուցում, քանի որ խախտում են ուտելու մշակույթը, ինչպես նաև վնասում առողջությանը: Եթե անընդհատ շեղեք երեխային, ապա նրա օրգանիզմը չի կենտրոնանա ուտելու, ուտելիքի վրա: Երեխան չի կարող ամբողջովին զգալ համը, աղեստամոքսային տրակտը պատրաստ չէ սնունդ ընդունել, չի առանձնացնում բավարար ֆերմենտներ մարսելու համար: Եթե երեխան մշտապես այդպես է ուտում, ապա դա ապագայում կարող է առաջացնել մարսողական համակարգի տարբեր խանգարումներ և հիվանդություններ: Այդպես, փորձեք երեխային ընտելացնել ուտել միայն սեղանի շուրջ:  Հիշեք, որ նորմալ յուրացման համար հարկավոր է ախորժակ:  Ախորժակի առկայության դեպքում սնունդը հեշտորեն է յուրացվում ու մարսվում: Եթե երեխան առույգ է, ուրախ, բայց չի ուզում ուտել, երբ առաջարկում եք, ամենայն հավանականությամբ, նա պարզապես դեռ քաղցած չէ: Պարզապես մի փոքր համբերեք մինչև նա կուզի ուտել: Նա ինքն այդ մասին կհայտնի ձեզ: Բայց եթե բացի սնունդից հրաժարվելը նկատում եք նաև երեխայի վարքի ու ինքնազգացողության մտահոգիչ այլ առաձնահատկություններ, ապա ավելի լավ է դիմել բժշկի:

Առաջարկել տարբեր ուտեստներ  ընտրության համար: Հաճախ երեխան հրաժարվում է ուտել ապուր, բայց ահա, օրինակ, կարտոֆիլ հաճույքով է ուտում: Իսկ հետո ամեն օր պահանջում միայն կարտոֆիլ: Հաճախ մայրիկները սկսում են միանգամից մի քանի ուտեստ առաջարկել ընտրության համար: Բայց պետք չէ այդպես վարվել: Եթե երեխան չի ուզում ուտել այն, ինչ առաջարկում եք իրեն  (իհարկե, յուրաքանչյուր երեխա ունի իր չսիրած ուտեստները, որոնք դուք հաստատ գիտեք), ապա նշանակում է, որ նա դեռ բավականաչափ քաղցած չէ: Այդ դեպքում պարզապես սպասեք մինչև նա կուզի ուտել:

Մաքուր ափսեների թագավորություն: Հաճախ ծնողները պահանջում են, որպեսզի երեխան մինչև վերջ ուտի ափսեի պարունակությունը: Բայց դա միայն փչացնում է երեխայի ախորժակը: Դա կարող է նաև առաջացնել սննդի չընդունում, ինչպես նաև խանգարել օրգանիզմի պահանջները զգալու երեխայի ունակությունը: Այդպես երեխայի մոտ կարող է առաջանալ չափազանց շատ ուտելու սովորություն: Նա կսկսի ուտել ոչ թե որովհետև քաղցած է, այլ պարզապես սնունդից հաճույք ստանալու համար: Եթե ձեր երեխան մշտապես մինչև վերջ չի ուտում չափաբաժինը, հնարավոր է արժե պարզապես քչացնել այն:

Տանը կարելի է, իսկ հյուր գնալիս` ոչ: Հաճախ ծնողները ուշադրություն չեն դարձնում ուտելիս երեխայի պահվածքին, չեն սովորեցնում սեղանի շուրջ պահելաձև: Բայց երբ երեխայի հետ հյուր են գնում, սկսում են բարկանալ երեխայի վրա այն բանի համար, ինչը ընդունելի էր: Այդ ժամանակ երեխան շփոթվում է ու ընդհանրապես չի հասկանում` ինչ է կարելի, իսկ ինչ` ոչ:  Եթե ուազում եք, որպեսզի երեխան իրեն ճիշտ պահի սեղանի շուրջ, ապա օրինակ ծառայեք նրա համար, սովորեցրեք ուտելու կանոնները ու սեղանի շուրջ պահելաձև` ոչ միայն հյուրերի, այլ նաև ձեր տանը:

 

(Visited 18 times, 1 visits today)
Please follow and like us:
Facebook
Facebook
Social media & sharing icons powered by UltimatelySocial